воскресенье, 15 января 2012 г.

0 Բարև Facebook, ես քեզ սպասում էի

0



Ֆեյսբուքում ինձ հետևողները երևի արդեն նկատել էին, որ անցած 5 օրերի ընթացքում իմ կողմից ոչ մի ակտիվություն չէր նկատվում այդ սոցիալական կայքում: Սակայն ոչ թե չէի ուզում ֆեյսբուք մտնել, այլ չէի կարող, որովհետև ֆեյսբուքը արգելել էր իմ մուտքը: Եվ վերջապես ուրբաթ առավոտյան նորից կարողացա մուտք գործել ֆեյսբուք: Ուզում եմ կիսվել իմ փորձով և կատարած քայլերով, որպեսզի դուք նույնպես իմանաք, թե ինչ կարելի է անել նման դեպքերում: Կիրակի երեկոյան, երբ ցանկանում էի մուտք գործել ֆեյսբուք, տեսա մի հաղորդագրություն, որը ինձ պահանջում էր ապացուցել, որ իմ պրոֆիլը պատկանում է իրական մարդու, այլ ոչ թե կեղծ պրոֆիլ է: Նախ ասեմ, որ ամիսներ առաջ ես արդեն անցել էի այդ քայլը՝ մուտքագրելով բջջային հեռախոսի համարը: Այս անգամ նույնպես ինձանից պահանջվում էր մուտքագրել այն կոդը, որը SMS-ի տեսքով պիտի եկած լիներ իմ հեռախոսահամարին: Սակայն մի քանի ժամ սպասելուց հետո հասկացա, որ այդ կոդը չի էլ գալու:  



Հաջորդ օրը վիճակը ավելի բարդացավ: Սեղմում էի "Send Code" կոճակը և ֆեյսբուքից ստանում հաղորդագրություն, որ այդ գործողությունը անհնար է կատարել: Փորձեցի նամակ գրել ֆեյսբուքին բոլոր հնարավոր մեթոդներով և կապի միջոցներով: Նույնիսկ փորձեցի զանգահարել, սակայն միանում էր ավտոմատացված համակարգ և տեղեկացնում, որ ձայնային սպասարկում այժմ հասանելի չի: Գրածս նամակներին ի պատասխան մի քանի օրից ստացա մի նամակ, որը պահանջում էր իրենց ուղարկել իմ անձնագրի պատճեն:




Կատարեցի նաև այդ քայլը և արդեն սկսեցի հավատալ, որ աշխարհի համար մեկ կայքը ինչ-որ չափով ուշադրություն է դարձնում իր այցելուների կողմից ուղարկված նամակներին: Եվ ահա ուրբաթ առավոտյան մուտք գործեցի ֆեյսբուք և տեսա, որ հայտնվել է նոր կոճակ (Send via call): Սեղմեցի այդ կոճակի վրա և ինձ զանգ եկավ +16508870260 համարից: Վերցրեցի հեռախոսը և ֆեյսբուքի ավտոմատ համակարգը ինձ թելադրեց այն կոդը, որը վերջին 5 օրերի ընթացքում ինձանից պահանջվում էր մուտքագրել: Կոդը մուտքագրելուց հետո ֆեյսբուքը ինձ ցուցադրեց ընկերներիցս մի քանիսի նկարները և պահանջում էր նշել նրանց անունները: Այդ քայլերը անցնելուց հետո վերջապես մուտք գործեցի ֆեյսբուք:




Եթե հիշում եք, ամիսներ առաջ Google-ը նույնպես արգելափակել էր իմ պրոֆիլը և իմ կողմից գրված տասնյակ նամակներին այն ժամանակ չստացա ոչ մի պատասխան: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ֆեյսբուքը, ի տարբերություն Google-ի, չի անտեսում իր օգտատերերի կողմից գրված նամակները: Եթե դուք նույնպես խնդիրներ ունեք ֆեյսբուքի հետ կապված, ապա հաջորդ նյութերից մեկում կտեղեկացնեմ, թե ինչ մեթոդներով է հնարավոր կապ հաստատել ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ:


Հ.Գ.
Ժողովուրդ ջան փաստորեն հնարավոր է ապրել առանց ֆեյսբուք: Ես արդեն սկսել էի չնկատել դրա բացակայությունը, սակայն ափսոսում էի պրոֆիլս և բլոգի ֆեյսբուքյան էջը, որը 10.000-ից ավել like ունի:

0 коммент.:

Отправить комментарий